ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Որքան քիչ բան է պետք սեփական երկրում գոհությամբ ապրելու համար

Որքան քիչ բան է պետք  սեփական երկրում  գոհությամբ ապրելու համար
07.11.2014 | 12:45

Հոկտեմբերի ութին Ջերմուկ քաղաքում, Հայաստանի գրողների միության և ջերմուկցի բանաստեղծ Վարդգես Խանոյանի ջանքերով, քաղաքի ավագ դպրոցում նախատեսված էր ուսուցիչների և աշակերտության հանդիպումը մի խումբ գրողների հետ: Եվ այն կայացավ, բայց ոչ միայն աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի հետ. այն հանդիպում էր նաև Ջերմուկի ժայռեղեն վեհության, նրա մեղմ ու թավշյա հմայքի ու նաև ջերմուկյան բազմագույն աշնան հետ։

Արդեն մեկ օր առաջ Ջերմուկ ժամանած գրողներս` արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը, արձակագիր, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը, արձակագիր, թարգմանչուհի Էմմա Բեգիջանյանը և ես, հայտնվեցինք հյուրընկալ տանտերերի` Վարդգես Խանոյանի և մյուս ջերմուկցիների հոգատար ուշադրության կենտրոնում: Լեռնցիներն իրենց բնության խոյանքների պես հաստատուն ու նվիրյալ են, և մեծ է նրանց սիրտը, այնքան մեծ, որ ոչ մի կերպ թաքցնել չի լինի նրա սիրով լեցուն տրոփը։ Սեր` բնության, ծառ ու թփի, կյանքի պարգևած ամեն ակնթարթի, ամեն ելևէջի և, ամենակարևորը` մի այլ մարդու հանդեպ. դրկի՞ց լինի, թե՞ հեռավոր, հարազա՞տ, թե՞ օտար։
Ջերմուկյան հանդիպումներն ու անակնկալները շատ էին։ Այդ իսկապես դրախտային անկյունում ամեն քայլափոխի է առօրեականից տարբեր, շունչը կտրելու չափ հմայող գեղեցիկը:
Հյուրանոցային համալիրներում տեղավորվելուց, լճի ափի մի գողտրիկ սրճարանում սուրճ վայելելուց հետո կարելի է արդեն ձուլվել քաղաքի կենտրոնական զբոսայգու ծառուղիների կախարդանքին: Միայն թե զբոսայգու կենտրոնից այն կողմ, այգին անխնամ և աչքաթող արվածի տեսք ունի: Ես սիրում եմ անփույթ ու վայրի գեղեցկություն, բայց վստահ եմ, որ այստեղ տարբեր երկրներից ժամանած հյուրերի և տեղացի հանգստացողների մեջ իմ ճաշակը կիսողները շատ քիչ կլինեն:
Լիճը մանրալիք վետվետում է` իր մեջ պատճենած ափերի երանգապնակը:
Ամեն քայլափոխի ջրի քչքչոց, ամենուր լեռնային աղբյուրների վարար ու խենթ հոսքեր են։ Եվ այսպիսի երկրում խոսվում է ջրի սակավության մասին, գյուղացու ողջ տարվա ջանքը երբեմն զրոյանում է ոռոգման անհնարինության կամ ջրի բարձր սակագնի պատճառով: Խորանարդը 200 դրամով մարդկանց վրա վաճառվում է հենց նրանց հարազատ լեռներից առատորեն բխող, նրանց շեների շուրջ քչքչացող, հորդացող և, ի վերջո, երեք աղբյուրներից Արփա գետին սկիզբ տվող բոլորիս հայտնի ջերմուկյան ջուրը: Եթե հայոց ջուրն իմանար մարդկանց սահմանած իր արժեքը, այսպես առատ չէր հորդանա, այլ, երևի թե, երկինքներում կսավառներ: Բայց չգիտի և շտապում է` հլու իր առաքելությանը, հասնել իր ճամփան պահողներին: Եվ անցնելով հայի շեների ու ծարավ այգիների կողքով, գնում է հանգրվան գտնելու օտարի հողում, զովացնելու և հագեցնելու ուրիշի, ոչ ավելի, ոչ պակաս` թշնամի ժողովրդի ծարավը:
Հայոց ջրի նոր, օտարերկրյա տերերը այստեղ ընդհանրապես ներդրում անելու կարիքը չունեն` խողովակները տեղադրվել են խորհրդային տարիներին և ջուրը հոսում է իր սովորական հունով։ ՈՒրիշ ոչինչ։ Ինչո՞ւ պետք է ջերմուկցին վճարի այդ ջրի համար, և այն էլ այդքան բարձր գին, և այն էլ` օտարին, անհասկանալի է: Ընդհանրապես, արդարն այն կլիներ, որ յուրաքանչյուր տարածաշրջան իր բնաշխարհի բարիքները ինչ-որ չափով արտոնյալ կերպով օգտագործելու հնարավորություն ունենար` Սևանում առատ և մյուս տարածքների համեմատ էժան լինեին ձուկն ու գոնե ոռոգման ջուրը, անտառային շրջաններում` փայտանյութը, Արարատյան դաշտավայրում` միրգն ու բանջարեղենը, Ջերմուկում, չկրկնեմ, իսկ սահմանամերձ տարածքներում` ամեն բան` արդեն այլ տրամաբանությունից ելնելով։ Բայց ի՞նչ արդարության կամ ճիշտ մտածելակերպի մասին է խոսքը: Մենք վաղուց արդեն չենք զարմանում իշխանավորների` աստառ ու երես, ոտք ու գլուխ իրար խառնած, կարևորն ու անկարևորը իրարից չզատող և, ընդհանրապես, որևէ տրամաբանությունից զուրկ գործելակերպից: Իսկ առանց տրամաբանության ընթացքը անհատ մարդու կյանքն անգամ միայն դեպի փակուղի կարող է տանել, էլ ուր մնաց` երկրինն ու ժողովրդինը։ Եվ ահավասիկ այսօրվա վիճակը` իմ, քո, նրա։
Հանքային ջրերի տաղավարը նույնիսկ այս աշնանակեսին մարդաշատ է: Այ այստեղ կարելի է մի պահ կտրվել իրականության դաժան մասից և երևակայել, թե հեքիաթում ես, միայն թե ոչ այն, որի մեջ մի մեծ վիշապ` ջրի ակունքի մոտ նստած, փակել է նրա ճանապարհը: Այս առուծախի ժամանակներում Ջերմուկի` հողի խորունկ ընդերքներում իր սկիզբն առած տաք, կենսապարգև ջուրը հոսում է անկաշկանդ ու բոլորի համար։
Երկու օրը քիչ է քաղաքի հասարակ բնակչի հոգսն ու ցավը հասկանալու համար: Շատ բաներ պարզ են դառնում մեզ սպասարկող վարորդների խոսքերից։ Թեև, կարծես թե, մեր երկրի այլ բնակավայրերի համեմատությամբ` զբոսաշրջության քաղաք Ջերմուկում փոքր-ինչ ավելի հեշտ է ապրուստ հոգալը, բայց, միևնույն է, դա էլ չի բավարարում, որ մարդկանց աչքը հառված չլինի դրսի, իբրև թե անհոգ և լիուբոլ կյանքի հեռուները:
Համոզում ենք. «Այս դրախտից հեռանալը մեղք է։ Երկիր թողնելն ամենածանր հանցանքն է։ Երկիրը ընտանիքի անդամի պես բան է` լավ, վատ չկա. քոնն է ու վերջ»։
Կարծես համոզում ենք ու ավելի թեթև-թեթև ենք` գրեթե թռչելով, ծառից ծառ անցնում, արահետից արահետ։
Բայց գիտեմ, որ համոզելը հեշտ բան չէ։ Մեկ օր, երկու… և դժվարին կյանքի մագիլներից խույս տալու համար էլի նույն` օտար ափերի երազի խարդախ ցանցում են հայտնվելու: Գիտեմ նաև, որ դժվար կենցաղից ավելի` անարդարությունն ու զոռբայությունն են անտանելի ու մինչև անսահմանություն ցավեցնող։ Գիտեմ, սակայն անձնական վիրավորանքն ու խնդիրները հայրենիքից հեռանալու պատճառ չպետք է դառնան։ Հայրենիքն ամեն բանից վեր է, այն անցողիկ խաղերին ոտնատակ անելու բան չէ, անցողիկ կարիքների դիմաց առուծախի ու լքելու համար չէ։ Հայրենիքը հավերժականի ու ոգեղենի տարածքներում է։ ՈՒրացար` ինքդ քեզ ու հոգիդ ես ուրանում։
ՈՒ հեռվից հեռու էլ, ամեն մեկի հետևից կրկնում եմ նույնը ու շարունակում համոզել. «Այս դրախտից հեռանալը մեղք է։ Երկիր թողնելն ամենածանր հանցանքն է։ Երկիրը ընտանիքի անդամի պես բան է` լավ, վատ չկա, քոնն է ու վերջ»։
Երեկոյան հյուրանոցային հարմարավետ սենյակում բանաստեղծությունների ընթերցում, խոսք ու զրույց է:
Հաջորդ օրը, մինչև դպրոց գնալը, դեռ մի քանի հանդիպում էլ ունենք։ Հասնում ենք ջրվեժին. լավ է, որ մեր հիշողության մեջ կարծես թե չենք պահել կամ չունենք նրա նախկին ¥մինչև այս օրերի նրա փակել-բացելու աբսուրդի սկսվելը. այն բացվում է միայն որևէ արտառոց դեպքում` արտառոց հյուրի համար, այն էլ` 10-15 րոպեով¤` փարթամ ու փրփրագես տեսքը և մեզ ոչինչ չի խանգարում մանկան հրճվանքով հիանալ փերու անփույթ ու բարալիկ ծամեր հիշեցնող ջրվեժի տեսքով։
Բայց ամռան ամիսներին դժվար չէ պատկերացնել, թե ինչ է մնում այդ «բարալիկ ծամերից»։ Եվ անգամ, ամենածանծաղ տրամաբանությունից ելնելով, երկրին ու քաղաքին օգուտ բերող զբոսաշրջության շահերի համար գեթ, ազգային հարստություն և սեփականություն լինելու իրավունքից զրկված և այլևս մեկ անձի շահերին ծառայող ջրվեժը պետք է ամռան սակավաջուր ամիսներին չբանտվեր վերևներում` այդ մեկ անհատի սեփական հէկը աշխատեցնելու դաժան առաքելությամբ։ Նույն վիճակում է նաև Սիսիանի Շաքիի ջրվեժը` փակել-բացելու անտրամաբանական շրջապտույտում։
Երևի արդեն շատերի ժպիտը հարուցեցի` աբսուրդի այս օրերին կրկին տրամաբանությունից խոսելով։ Բայց, ախր, առանց տրամաբանության մեկ-երկու քայլից այն կողմ անդունդ է: Ախր… Էհ, ո՞րն ասեմ:
Անցնում ենք «Երջանկության կամարի» տակով և արդեն նրա՞ կախարդանքի զորության շնորհիվ, թե՞ բնության աջ ու ձախ փռված հմայքների` երջանկությանն այնքան նման երանություն է մեր հոգիներում։ Քայլում ենք ձորի պռնկի նեղլիկ կածանով` աչքներս երկնագահ ժայռերին հյուսված արծվաբներին: Ինչ լավ է, որ այստեղ` բնության և մեր միջև, ոչ ոք չկա։
Հաջորդ հանդիպումը հայդուկների հետ է: «Հայդուկների արահետում» մեր հերոս ֆիդայիների հսկա կիսաքանդակներն են` Աղբյուր Սերոբ, Սոսե, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք և այլք։ Բայց այսքան մեծ գործ անելուց հետո մի փոքր, սակայն կարևոր բան բաց է թողնված. հայդուկների անունները ոչ մի տեղ չեն երևում: Ես կարծես թե բոլորին էլ կարողանում եմ ճանաչել, բայց բոլորը չեն, որ «հին ծանոթներ» են նրանց հետ, էլ չասած` մանուկներն ու երիտասարդները, որ գուցե հենց այստեղ պետք է ուսանեն հայոց պատմության կարևոր դասերից մեկը և հենց այստեղ ծանոթանան մեր հերոսների հետ:
Մեր հայդուկնե՜րը։ Կենդանի են ասես։ Ժպտում ենք իրար։ ՈՒ հասկանում նրանց համառ հայացքներում շիկացած անհանգստությունն ու պատգամը` մեզ ուղղված։
Էհ, մեր քաջեր, ո՜վ գիտե` ձեզ համա՞ր էր ավելի դժվար` մի զինավառ խմբով թուրքի դեմ դուրս գալ, թե՞ մեզ, որ նայում ենք հայաթափվող երկրին և ելք չգտնելուց ու անզորությունից միայն բռունցքներ սեղմում` արյունոտվելու աստիճանի։
Բայց… հասկանում ենք պատգամը, և… դժվա՞ր, թե՞ հեշտ` տեր ենք նրան։
Ջերմուկի ավագ դպրոցում մեզ սիրով են ընդունում տնօրեն Արմինե Արսենյանը և ուսուցիչները: Դպրոցում ՈՒսուցչի օրվան նվիրված հանդիսություն է։ Մեր սիրունատես պարմաններն ու պարմանուհիները վալսում են թիթեռների պես թեթև ու սեթևեթ, խանդավառում են բոլորին իրենց կենսաթրթիռ աշխուժությամբ: ՈՒրախանում ենք, որ ցերեկույթն սկսվեց դասական երաժշտության հնչյուններով, իսկ հետո նաև հիանում երեխաների երգ ու ասմունքով: Կատարումները հրաշալի են: Պարզ երևում են ուսուցիչների ներդրած ինքնանվեր ջանքն ու հոգատարությունը:
Հայոց լեզվի ուսուցչուհի Ալիսա Ամիրջանյանը ներկայացնում է գրողներին, բնութագրում նրանց ստեղծագործությունները:
Հետո աշակերտները` Ռոբերտ Այվազյանը, Մարիամ Համբարձումյանը, Ռիմա և Արմենուհի Սողոմոնյաններն ընթերցում են հյուր եկած գրողների և իրենց համաքաղաքացի բանաստեղծ Վարդգես Խանոյանի գործերից: Գրողները գրքեր են նվիրում դպրոցին, Վանա ծովից բերված մի փոքրիկ քար, որպես թանկ մասունք: Հարցեր-պատասխաններ և ջերմ բաժանում:
«Հաճախ պետք է նման հանդիպումներ լինեն,- ասում է ուսուցչուհիներից մեկը,- թե չէ մեր երեխաները չգիտեն, որ հիմա էլ կենդանի գրողներ կան»։
Պատասխան չենք գտնում: Դե, իհարկե, հաճախ է պետք։ Եվ դա միայն աշակերտների համար չէ, որ կարևոր է, այն նույնքան անհրաժեշտ է գրողին: Ժողովուրդ-ստեղծագործող կապն է, որ կարող է որոշել գրականության և արվեստի ճիշտն ու սխալը, գտնել անհրաժեշտ թրթիռներն ու ելևէջները։ Ի վերջո, ժողովուրդն է ստեղծագործության հասցեատերը, և մշակույթն է ազգապահպանության ամենամեծ ուժը: Չկա՞ այդ կապը, սխա՞լ են մշակույթ կոչվածի ընթացքն ու կերպը, ուրեմն վտանգված է երկրի գոյատևությունը: Հենց դրան է, որ անչափ համակարգված և տքնաջան փորձում են հասնել աշխարհակործան ուժերը:
Ստեղծագործողին նաև իր երկրի այս ու այն կողմում տիրաբար քայլելու, նրա վերուվարին ու խորքերին հասնելու, դրանք վերարտադրելու հնարավորություններ են պետք: Ստեղծագործության ընթացքի մեջ գրասեղանի մոտ նստելու պահն ամենաքիչ կարևորներից է, շատ ավելի էական է մինչև այդ պահը այն ամենը, ինչ թվացյալ պարապության ժամերին ամբարվում է հոգում:
Պետք է, պետք են… Տեր Աստված, այս որքան շատ, բայց իրականում որքան քիչ բան է պետք սեփական երկրում գոհությամբ ապրելու համար: Մինչդեռ դրանցից շատերն այնքա՜ն հեշտ լուծումներ ունեն։ Մի քիչ ուշադրություն միմյանց հոգսերի հանդեպ, մի քիչ ոգևորություն և անչափ շատ սեր։
Ինչպես Ջերմուկում։

ՆԱՆԵ
բանաստեղծ, հրապարակագիր

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ